Հայկական հետք
2012-10-23 13:10:09

Մոսկվայում հայկական հետքերով շարունակվով մեր ուղղությունն այսօր սկսվում է Կիտայ գորոդ թաղամասում գտնվող Հայկական նրբանցքից: Այստեղ էր, որ 1902 թվականին սպանվեց ռուսահայ մեծահարուստ Իսահակ Ջամգարովը, ով Ռուսական կայսրության խոշորագույն բանկային տներից մեկի հիմնադիրն ու կառավարիչն էր:

1902 թվականի դեկտեմբերի 16-ի առավոտյան մոսվացիներին սպասում էր ցնցող նորություն: Փողոցներում վազվզող թերթավաճառ տղան, <<Մոսկովսկի լիստոկ>> թերթի թարմ համարը թափահարելով, ընթերցողներին առաջարկում էր կարդալ <<Սարսափելի հանցագործություն Մոսկվայում>> վերնագրով լուրը, որտեղ նկարագրված էր, թե ինչպես հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, նախորդ ցերեկ դանակի հարվածներից սպանվել է Մոսկվայի մեծահարուստներից մեկը` 55 ամյա բանկիր Իսահակ Իսահակովիչ Ջամգարովը: <<Մարդասպանը ձերբակալված է, նա հայ է, պարսկահպատակ Մաթևոս Մինասյանցն է>>, գրում էր թերթը:

Սամվել Մուրադյանն, ով արդեն 17 տարուց ավել է, ինչ ուսումնասիրում է մինչհեղափոխական մոսկովյան արխիվները, Ջամգարովի սպանության պատճառը տեսնում է ցարական բուրժուազիայի դեմ որսն արդեն սկսած բոլշևիկների անմեկնելի հաշվարկների մեջ, սակայն պետք է նշել, որ ժամանակի մամուլը ներկայացնում է այլ փաստեր, որոնց մենք դեռ կանդրադառնանք հաջորդիվ:

Ջամգարով եղբայրները, ովքեր թվով 5-ն էին, ծնունդով արցախցի էին, Շուշի քաղաքից: Նրանք ազդեցիկ ֆինանսական գործիչներ էին, ովքեր իրենց ձեռքում էին պահում ռուսաստանյան բանկային արժեթղթերի զգալի մասը: Մոսկվայի պատվավոր քաղաքացի, I գիլդիայի վաճառական Իսահակ Ջամգարովը, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանի ամենախոշոր բանկային տներից մեկի հիմնադիրն էր: Նրա ընկերությունը զբաղվում էր նաև ոսկու արդյունահանմամբ:

Ավելի ուշ Ջամգարովների բանկային հաշվիչի տակով սկսում են անցնել նաև արտասահմանյան ընկերությունների գործարքները` մասնավորապես Բրյանսկի երկաթուղային գործարանի, Նոբել եղբայրների նավթային ընկերության, Կոլչուգինների գունավոր մետաղների ու պղնձի արտահանման բաժնետոմսերը:

 Ջամգորով եղբայրներ բանկային տան կենտրոնական գրասենյակները գտնվում էին Ռուսական կայսրության 2 գլխավոր քաղաքներում` Մոսկվայում և Պետերբուրգում: Ժամանակակից Մոսկվայի Կուզնեցկի մոստ 6 և 12 հասցեներում դեռևս կանգուն են այն շենքերը, որոնք ծառայել են Ջամգարով եղբայրներին, որպես բանկային տներ:

19-րդ դարասկզբի Մոսկվայի կենտրոնական թաղամասերից մեկը Կուզնեցկի մոստն էր, որտեղ եռում էր Պոպովի պասսաժ կոչվող առևտրային կենտրոնի անցուդարձը: Շենքն այսօր վերանորոգվում է և փակված են նրա դիմային հատվածները, ու մենք փորձել ենք նկաահանել այն ետնամասից: 5 հարկանի այս շենքը թեյավաճառ Պոպովը կառուցում է 1877 թվին պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Ռյազանովի նախագծով, իսկ մոտ 20 տարի անց` 1899 թվականին, այն գնում են Ջամգարով եղբայրները և դարձնում իրենց բանկային տան կենտրոնական գրասենյակներից մեկը:

Քիչ ավելի ուշ, Ջամգարովների պատվերով, նույն այս փողոցում, Պոպովի առևտրային պասաժին հարակից, կառուցվում է եռահարկ մի շինություն` այլ առևտրային կարիքների համար, ինչպես որ նշված է արխիվային նյութերում: Ճարտարապետը` Բորիս Ֆրեյդենբերգն էր, ով կառույցին տվել է բարոկկո ոճի նրբագեղությունը, շենքի կենտրոնական հատվածն ընդգծելով մետաղյա հսկայական գմբեթի ճոխությամբ: Այսօր այս շենքում տեղակայված է Մոլդովայի դեսպանատունը: Պետք է նշել նաև, որ Ջամգարովների այս առևտրային տունը Մոսկվայի պատմության էջերում հիշատակվում է, որպես Ռուսաստանում շոկոլադի արտադրության ծննդավայր, քանի որ այստեղ գործող <<Սի ունդ Կո>> սրճարանն առաջինն էր, որ իր հաճախորդներին առաջարկեց աննկարագրելի համային հաճույք` շոկոլադ անունով: Այս շենքի շարունակությունը ձախ թևից, տվյալ ժամանակի համար նորաձև կառույց է, որտեղ գործել են ֆրանսիական նորաձևության կենտրոններ: Ճարտարապետական տեղեկագրերը վկայակոչում են, որ շենքի նախագիծը հենց վերոհիշյալ պատճառով էլ կրում է ֆրանսիական մոդեռն ճարտարապետության տարրեր: Որոշ հիշատակությունների մեջ այս շենքի սեփականությունն էլ վերագրվում է Ջամգարովներին: Այսօր այն կիսալքված վիճակում է. առաջին հարկում գործում են ինչ-որ առևտրային կետեր, իսկ վերջին հարկի զմռսված պատուհանները հուշում են, որ այստեղ վաղուց ներս չի թափանցել թարմ օդ:

Այստեղից քիչ վերև, ոտքի ճանապարհ է դեպի Ռոժդեստվենսի զբոսայգի, որտեղ փողոցի 21 հասցեում 1913-ին Ջամգարով եղբայրները կառուցում են իրենց քաղաքային առանձնատունը: Այս շենքի ճակատը 1916 թվականին ներկայացված է եղել <<Քաղաքի լավագույն ճարտարապետական լուծում>> մրցույթում: Շենքը մինչև վերջերս բավական անմխիթար վիճակում էր, ու ողջունելի է, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ խստորեն պահպանվել է նախնական տեսքը: Ներսում այսօր տեղակայված են բանկային գրասենյակներ:

Հայտնի փաստ է, որ Ջամգարովները զբաղվում էին լայնածավալ բարեգործությամբ: Նրանց խնամակալության տակ էին գտնվում բազում աղքատ հայ ընտանիքներ, նրանք <<Գասպարյան>> խնամատան խորհրդի անդամների թվում էին, ինչպես նաև զբաղվում էին բռնադատվածների ընտանիքների ու որբանոցների սաների խնամակալությամբ: Հենց այդ սաներն էին, որ ամեն տարի հյուրընկալվում էին Ջամգարովների ամառանոցում, որտեղի կեչուտով հարուստ անտառային օդը համարվում էր բուժիչ ու բարենպաստ` տուբերկուլյոզով տառապող մանուկների համար: Մենք այժմ ուղևորվում ենք հենց այդ նախկինում ամառանոցային գոտի, որն այսօր էլ կոչվում է Ջամգարովկա: Այն նույնպես մոռացված հայկական հետք է Մոսկվայում:

Ջամգարով եղբայրները, չնայած այս տարածքում վաճառվող հողակտորների չափազանց բարձր գներին` մեկ քառակուսուն 300 ռուբլի, առանձնատներ կառուցելու նպատակով ձեռք են բերում ընդարձակ տարածք և սկսում բարեկարգել ավանը սեփական միջոցներով: Այդ պահից անցել է մոտ 100 տարի, սակայն Ջրամբարն այս մոսկվացիները մինչև այսօր անվանում են Ջամգարովկա:

Ջամգարովկա անվան իմաստի ու հայկական ծագման մասին բնականաբար այսօր ոչ ոք տեղյակ չի, այնպես որ մեր տեսաֆիլմը գուցե շատերի համար բացահայտում լինի: Իսկ տեղանքի պատմությունը հետևյալն է. 19-րդ դարի վերջում Յարոսլավյան երկաթուղային ուղղությամբ սկսվում է բուռն ամառանոցային շինարարություն: Հյուսիսային Լոսինոօստրովսկ կոչվող կանաչ գոտում, երկաթգծից ոչ հեռու, Իչկա անունով փոքրիկ գետակի ափին ձևավորվում է նոր ավան: Այն անվանվում է Ջամգարովկա` առաջին բնակիչների` Ջամգարովների անունով, ովքեր տարածքում ունեին 4 մեծ հողակտոր և զգալի միջոցներ էին ներդրել տարածքը բարելավելու ու կենսունակություն հաղորդելու համար: Ջամգարովկան զարգանում է բավական կարճ ժամանակում և մի քանի տարի անց արդեն ավանում հայտնվում է հեռախոսագիծ, բացվում են գիմնազիան, ծխական ու մասնավոր դպրոցները, դեղատուն, թեյարաններ ու սրճարաններ, հասարակական ընթերցասրահ, հիվանդանոց ու եկեղեցի: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ավանում կառուցված հարուստների  լքված առանձնատներում, այդ թվում նաև Ջամգարովների առանձնատանը, տեղավորում են բանվորներին, ովքեր աշխատում էին մոտակա  գործարաններում: Եվ քանի որ նրանք ի վիճակի  չէին պահպանել այդ տների  ծախսատար կենագործունեությունը, ամեն ինչ շուտով խամրում է, իսկ հետո էլ քանդվում:

Մոսկվայի հայկական գերազմանատան տարածքում գտնվող հոգեհանգստի այս տունը` կառուցվել է Իսահակ Ջամգարովի եղբայրների կողմից, նրա մահից հետո`ի հիշատակ հանգուցյալի:  Վերադառնալով մեր պատմության այն հատվածին, որտեղից սկսել ենք, 1902 թվական դեկտեմբերի 15-ին, նշենք, որ Իսահակ Ջամգարովին խոշտանգող չարագործը` անկեղծորեն խոստովանել է, որ այդ սպանությունը նախապես  ծրագրված էր: 

Միքայել Յակուբով անունով ներկայացած հայազգի երտասարդը նախաքննության ժամանակ  նշել է, որ վերջերս է տեղափոխվել Մոսկվա, դիմել է բանկիրին և խնդրել օգնություն, վերջինս մերժել է. մերժել է շատ կոպիտ ու անպատիվ ձևով, - և ահա ինքն էլ որոշել է վրեժ լուծել,- պատմել է մարդասպանը:

Ավելի ուշ քննությունը բացահայտում է, որ Միքայել Յակուբով ծածկանվան տակ ծպտված հանցագործը Մաթևոս Մինասյանցն է, Թիֆլիսի մարզի Զաքաթալա քաղաքի բնակիչ:

1902 թվականին նա  Բաքվում պատահաբար ծանոթանում է ոմն թուրքահպատակ Խաչոյի հետ, ով էլ իր հերթին ծանոթացնում է նրան Ստամբուլից ժամանած, Դաշնակցություն կուսակցության անդամ  ներկայացած Պատրիկ Էֆենդու հետ: Վերջինս  էլ հենց առաջարկում է Մինասյանցին գնալ Շուշի` և ինչ-որ հարուստ հայից գումար պոկել կուսակցական գործունեության համար: Ինչպես հետագայում ներկայացվում է գործի հետաքննական փաստաթղթերում, չարագործներին չի հաջողվում Ջամգարովից պոկել ցանկալի գումարը`50 000 ռուբլին ամբողջությամբ, այդ իսկ պատճառով Պատրիկ էֆենդին հայտարարում է, որ Ջամգարովը դատապարտված է մահվան, որի իրականացումը բաժին է ընկնում Մինասյանցին, վիճակահանության արդյունքում: Այնուհետև Պատրիկը նրան զինում է դաշույնով, հրացանով ու տալիս է որոշակի գումար: Վերջինս ժամանում է Մոսկվա և օրը ցերեկով  հետևելով զոհին հայկական եկեղեցու մոտ` 5 անգամ հարվածում է դաշյունով:Ջամգարովը մահանում է հարձակումից րոպեներ անց` առանց գիտակցության գալու:

Ջամգարովը հուղակավորվում է հայկական գերեզմանատանը, սակայն ինչպես նրա այնպես էլ   անցյալ դարասկզբում ապրած ռուսահայ սփյուռքի շատ երևելի գործիչների տապանաքարերը չեն պահպանվել, այդ իսկ պատճառով վերջերս ի հարգանք  նրանց Մոսկվայի հայկական գերեզմանատանը կանգնեցվել է ահա այս հավաքական հուշաքարը:


Հեղինակ` Նաիրա Բաղդասարյան

 

1AITV.RU – это первое онлайн армянское телевидение, которое освещает жизнь армянской диаспоры в Москве.

Рубрика Армянский след переносит нас в историю старой Москвы, показывает новые следы деятельности армян в городе, раскрывает неизвестные детали и тайны, освещает то, чем занимались знаменитые армяне в Москве и в России.

Армяне бизнесмены, армяне – представители науки и искусства показываются в рубрике Лица диаспоры. Если вы ищете армяне-видео – то вам сюда.

1AITV.RU – это не армянские сериалы или безвкусные современные армянские песни, 1AITV.RU – это армянская Москва, которая до сих пор неизведанна, это великие армяне мира и России, которых мы показываем в наших передачах, это новости диаспоры и специальные репортажи посвященные наболевшим проблемам мигрантов.

СВИДЕТЕЛЬСТВО О РЕГИСТРАЦИИ СМИ: ЭЛ № ФС 77 - 52971 от 01.03.2013